Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Անդրադարձ Սամվել Ֆարմանյանի «անդրադարձին»

Անդրադարձ Սամվել Ֆարմանյանի «անդրադարձին»
03.10.2024 | 18:03

Տառացիորեն երեկ նկատեցի, որ մեր հանրությանը ոչ անհայտ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր տնամերձ տարածքում հանդես է եկել մի ընդարձակ գրառումով և այն ծաղկեցրել հետևյալ շքեղ վերնագրով. «Անդրադարձ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի օրերս արված հայտարարությանը»: Վերնագիրն ինձ հետաքրքրեց, բայց հենց առաջին տողերից հասկացա, որ Սամվել Ֆարմանյանի տրամադրությունը մի տեսակ այն չէ: Լրագրողի աչքից նման բաները չեն վրիպում, պարոն Ֆարմանյան: Ահավասիկ գրել եք. «Այսօր արդեն տեղին է ավելի ընդարձակ անդրադառնալ, թեև հայաստանյան մամուլում լայն տարածում չգտած, բայց ընթացիկ զարգացումների համատեքստում բավականին խնդրահարույց մի հարզացրույցի»։ Պարոն Ֆարմանյան, այդ ինչ տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի տված հարցազրույցի և Ձեր հրապարակման միջև եղած օրերի ընթացքում, որ հանկարծ որոշեցիք անդրադառնալ, ինչպես ասում եք` «հայաստանյան մամուլում լայն տարածում չգտած մի հարցազրույցի» ու դեռ մի բան էլ ընդգծել, որ «այսօր արդեն տեղին է անդրադառնալ դրան»: Չեմ կարծում, որ ընդդիմության՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի նախօրյակին շատ «տեղին էր» Ձեր այս գրառումը, որն իսկապես խնդրահարույց է և այն էլ բազմաթիվ տեսանկյուններից:

Նախ` ինչո՞ւ եք նենգափոխում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի խոսքը` այն ներկայացնելով խնդրո առարկա գրառման` առնվազն ինձ համար անհասկանալի շարժառիթների լույսի ներքո: Հակոբ Տեր-Խաչատուրյանի խոսքում, որ վկայաբերում եք, ոչ մի բառ չկա այն մասին, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտությունը» և Նիկոլ Փաշինյանի «հայ-թուրքական խեղկատակությունը» նույն բանն են: Քավ լիցի, նորից լսեք հարցազրույցը, պարոն Ֆարմանյան և աշխատեք ճիշտ ընկալել ասվածը: Այո, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչի մասին ճամարտակում են ՀՀ գործող իշխանությունները, իսկապես աննախադեպ գործընթաց չէ: Փորձեր միշտ էլ արվել են, որպես հարևան երկիր` Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, բայց դրանք միշտ էլ ձախողվել են ինչ-որ կետի հասնելուց հետո: Եվ ամեն անգամ պարզվել է, որ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Հակոբ Տեր Խաչատուրյանը, կարելի է ասել` այդ փաստն է արձանագրել, նշելով, որ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսված գործընթացը ևս զերծ չէր Թուրքիայի հարցում թյուրընկալումներից: Եվ ուրեմն ինչքանո՞վ իրավացի չէ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, երբ հայտարարում է, որ այսօր էլ նույն կացության մեջ ենք: Կարելի՞ է, արդյոք, այս հայտարարությունից ենթադրել, որ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նույնացրել է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «թուրքական կարգավորումները»: Ի վերջո կացությունը նույնն է` նույն Թուրքիան, նույն նախապայմանները, նույն անպտուղ գործընթացը, որ կավարտվի կրախով` կամ արձանագրությունները կուղարկվեն «գրողի ծոցը», ինչպես դա մի անգամ արեց Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, կամ՝ Նիկոլը, որ փորձում է Էրդողանի գիրքն ընդունելով, այն է` «էրդողանական դիվանագիտությամբ», կարգավորել հարցը:

Կառչելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի «խնդրահարույց» հայտարարությունից, Սամվել Ֆարմանյանն սկսում է ճիգ թափել, ապացուցելու համար, որ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի վարած «կարգավորման» գործընթացները խիստ տարբեր են: Նկատենք, սակայն, որ սա իր նախաձեռնությունն է, և ոչ ոք մեղավոր չէ, որ նա որոշել է զբաղվել այդ ոչ այնքան ակտուալ գործով: Խնդրեմ, Ֆարմանյանը սեփական նախաձեռնությամբ գրում է. «Ֆուտբոլային դիվանագիտությունը հայաստանյան նախաձեռնություն էր. իր էությամբ՝ կանխարգելիչ դիվանագիտական նախաձեռնություն»: Ընդունելի միտք է, բան չունեմ ասելու, սակայն չեմ կարող բացառել, որ Նիկոլը վաղն այս մտքի հեղինակին հանկարծ հարց չի տա` իսկ Դուք որևէ փաստ ունե՞ք, որ իմ «էրդողանական դիվանագիտությունը» հայաստանյան նախաձեռնություն չէ: Եվ կպարզվի, որ պարոն Ֆարմանյանն այս հարցի պատասխանը չունի: Ի դեպ, պարոն Ֆարմանյան, առանձնապես ուժեղ չէ նաև Ձեր այն պնդումը, թե «ֆուտբոլային դիվանագիտության» օրերին շատ ավելի ազդեցիկ դեմքեր էին հավաքվել այդ հարցի շուրջ, քան հիմա: Այսօր հներից միայն Լավրովն է մնացել, իսկ մյուսները նույն կազմով դարձյալ գործի մեջ են` ԱՄՆ պետքարտուղա՞րը ներկա չէ, թե՞ Եվրամիությունը: Ավելին ասեմ` այսօր այդ գործին ՆԱՏՕ-ն է անգամ խառնված:

Առիթից օգտվելով՝ պարոն Ֆարմանյանին մի երկու հարց կուզենայի տալ: Կներեք, որ հետաքրքրվում եմ, բայց ինձ հիշեցրեք, խնդրեմ, ինչո՞ւ հանկարծ «ֆուտբոլային դիվանագիտությունը» սկսեցին անվանել «գիշերային դիվանագիտություն»: Եվ կամ ինչո՞ւ ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի վրայից հեռացվեց Արարատ լեռան պատկերը: Մի նեղվեք, պարոն Ֆարմանյան, պարզապես այս հարցերն իմ մեջ ասոցիացիաներ են առաջացնում՝ կապված Նիկոլի «թիկունքային դիվանագիտության» հետ` ծածուկ, թաքուն, վախեցած, Արարատը Արագածով փոխած…

Սամվել Ֆարմանյանի «խնդրահարույց» գրառման մեջ մեկ-երկու անգամ հանդիպում է «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմության գիտակներ» արտահայտությունը, և փորձ է արվում այդ գիտակների «ծանրակշիռ» հանգամանքի ներքո որոշակի հանդիմանություններ ուղղել Դաշնակցությանն ու «զարմանալ», թե ինչպես Դաշնակցությունը չի հասկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տրիվյալ հարցերը: Լավ կլիներ, իհարկե, որ Սամվել Ֆարմանյանն այդ բնագավառի մի քանի «գիտակի» անուն տար, բայց որ չի տվել, ստիպված եմ նրան հակադարձել` աշխատեք Պապից ավելի կաթոլիկ չերևալ, դա ծիծաղելի է: Դաշնակցությանը «մեղադրել» Թուրքիայի հետ կապված որևէ բան չիմանալու կամ վատ պատկերացնելու մե՞ջ… Հաստատ «օձի խելք պետք չէ ունենալ», պարոն Ֆարմանյան, նման բան չանելու համար: Մանավանդ հիմա, ավելի քան մեկ տասնամյակ անց, երբ, ինչպես Դուք եք ասում, կարելի է ամեն ինչի մասին բաց խոսել: Եվ ուրեմն խոսենք:

Ֆուտբոլային հայ դիվանագետները բազմիցս նշել են, որ Թուրքիան այդ բանակցություններում Արցախի հարցի ադրբեջանամետ կարգավորումը որպես նախապայման չի դնում: ՀՅԴ-ն պնդում էր ճիշտ հակառակը, որ արձանագրություններում կա նման նախապայման և չի կարելի այն բավարարել: Ի վերջո պարզվեց, որ ՀՅԴ-ն չէր սխալվում: Եվ մի գեղեցիկ օր Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարեց, որ Արցախի խնդիրը չլուծած՝ Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել:

Սամվել Ֆարմանյանի գրառման մեջ խոսք կա նաև այն մասին, որ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նոր թափ հավաքեց ֆուտբոլային դիվանագիտության օրերին, երբ այնտեղ իմացան, որ Հայաստանն ու Թուրքիան պատրաստվում են «մասնագետների» (պատմաբանների, Էդ. Անդրեասյան) հանձնաժողով ստեղծել երկու ժողովուրդների միջև տեղի ունեցած պատմական անցքերն ուսումնասիրելու նպատակով: Այդ կապակցությամբ ահա թե ինչ էր ասվում արձանագրության մեջ. «Իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն՝ առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար»: Կուզենայի հասկանալ, թե այս ձևակերպումներն ինչպե՞ս կարող էին ոգևորել ԱՄՆ-ին և ստիպել «ավելի լավ» ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վիժեցնել գործընթացը: Ինձ մնում է ուղղակի հիասթափեցնել Սամվել Ֆարմանյանին, ասելով, որ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ակտիվացումը պայմանավորված էր ոչ թե ֆուտբոլային դիվանագիտության ինչ-որ «հաջողություններով», այլ արդյունք էր ՀՅԴ-ի և մյուս հայկական կազմակերպությունների՝ այդ ուղղությամբ բազմապատկած ջանքերի: Այո, ոչ մի դեպքում չէր կարելի թույլ տալ, որ Ցեղասպանության խնդիրը դառնար նախապայման և դուրս մղվեր օրակարգից, հանուն Հայաստանի և Թուրքիայի միջև թվացյալ կարգավորման:

Եվ ավարտեմ: Պարոն Ֆարմանյան, Դուք հավանաբար ծանոթ եք «գող՝ սիրտը դող» ասացվածքին, որ հաճախ ենք հիշում, երբ մեկը փորձում է առանց անհրաժեշտության, անհարկի կամ չգիտես ինչ հետին նպատակներով ինքնարդարանալ՝ դա անելով անընդունելի ոճի մեջ, դիմացինին որակումներ տալով և դեմքին զարմանքի արտահայտություն նկարելով: Ուրեմն միշտ հիշեք նշածս ասացվածքը, որպեսզի հետագայում չհայտնվեք նման իրավիճակի մեջ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ